Նորություններ

«Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ անասնաբույժների վերապատրաստման դասընթաց «ԽԵԿ-ի կեսարյան հատում և կտրիչ հատում» թեմաներով

2021-08-10

 

2021 թ. օգոստոսի 4-5-ին «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող և Ավստրիայի Զարգացման Գործակալության Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավորի և Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ Հարավ-Հյուսիս» ծրագրի աջակցությամբ և «Անասնաբուժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի (ԱԱԱ) երկկողմ նախաձեռնությամբ «Սյունիքի անասնաշուկայում» անցկացվեց «ԽԵԿ-ի կեսարյան հատում և կտրիչի հատում» թեմաներով վերապատրաստման դասընթաց՝ «Անասնաբույժների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի անդամ  անասնաբուժների կարողությունների և հմտությունների զարգացման նպատակով:

Դասընթացին մասնակցել են ընդհանուր թվով 18 անասնաբույժ: Որպես դասընթացավար հրավիրվել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար պրն. Տ. Գաբրիելյանը, ով հանդիսանում է նաև ԱԱԱ անդամ:

Երկօրյա դասընթացը բաղկացած է եղել տեսական և գործնական մասերից: Առաջին օրը տրամադրվել է տեսական մասին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել է կեսարյան և կտրիչի հատումների ցուցումները, նախավիրահատական, բուն վիրահատական և հետվիրահատական գործողությունները և դրանց առանձնահատկությունները: Տեսական մասը անցել է մասնագիտական քննարկումների և հարց ու պատասխանի ձևաչափով: Առաջին օրվա ընթացքում տեղի է ունեցել նաև ասոցիացիայի հետագա աշխատաքների ներկայացում և քննարկում, որի ժամանակ շեշտադրումը եղել է մասնագետների սերտեֆիկացման հարցի լուծման վրա:

Հանդիպման երկրորդ օրը եղել է գործնական՝ հիվանդ կենդանու վիրահատություն, որի ընթացքում մանրամասն ներկայացվել է կեսարյան և կտրիչի հատման տեխնիկաները: Մասնակիցները ամրապնդել են տեսական գիտելիքները և ձեռք են բերել վիրահատություն կատարելու գործնական հմտություններ: Ամբողջ վիրահատական միջամտության ընթացքում անասնաբուժները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն և իրականացրել են որոշ միջամտություններ: