Իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավում

Արոտների կայուն կառավարմանը խոչընդոտող խնդիրների վերհանում

Իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավման անհրաժեշտության, առկա բացերի և խնդիրների վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել են ՀՀ համայնքներում բնական կերհանդակների կայուն կառավարման համակարգի ներդրման և գործարկման գործընթացում ներգրավված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև վերը նշված ուղղությամբ ծրագրեր իրականացնող տեղական
և միջազգային կազմակերպությունները:

Ուստի, 2018 թվականին Հարթակի նախաձեռնությամբ շահագրգիռ կողմերի հետ կազմակերպվեց քննարկումների շարք՝ բացահայտելու ոլորտում առկա իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բացերը, որոնք գործնականում խոչընդոտում են համայնքներում բնական կերհանդակների՝ մասնավորապես արոտների կայուն կառավարման մոտեցումների գործարկմանը, տարածմանը և հետագա զարգացմանը:
Իրականացված քննարկումների արդյունքները համակարգված ներկայացնելու նպատակով որոշվեց նախաձեռնել «ՀՀ արոտավայրերի կառավարման ոլորտում առկա խնդիրները և դրանց պատճառահետևանքային կապերը» ուսումնասիրություն, որը կնպաստեր արոտների կայուն կառավարման ոլորտը կանոնակարգող հայեցակարգային փաստաթղթի մշակմանը: Ուսումնասիրության շրջանակներում շարունակվեցին համայնքային, մարզային և ազգային մակարդակում քննարկումները, որոնց արդյունքները վերլուծելով, առանձնացվեցին արոտների կայուն կառավարման ոլորտում առկա խնդիրները։

Այս ուղղությամբ տարբեր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների արդյունքները ներկայացված են «Արոտավայրերի կառավարման խնդիրները և դրանց պատճառահետևանքային կապը Հայաստանում» ուսումնասիրության հաշվետվությունում և Հարթակի թվով՝ 3-րդ և 4-րդ աշխատաժողովի արձանագրություններում:

2019 թվականի ապրիլի 30-ին կայացած Հարթակի 4-րդ աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց ու քննարկվեց խնդիրների գույքագրման և վերլուծության ուղղությամբ կատարված աշխատանքը և որոշվեց ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքները մեկնարկելու նպատակով ձևավորել Աշխատանքային խումբ:

Թարմացվել է՝05.08.2020