Իրավական և ինստիտուցիոնալ համակարգի բարելավում

ՀՀ արոտների կայուն կառավարման հայեցակարգ

2019 թվականին Հարթակը նախաձեռնեց միջոցառումների շարք, որոնք ուղղված էին արոտների կայուն կառավարման ոլորտը կանոնակարգող հայեցակարգային փաստաթղթի մշակմանը:

2019 թվականի մայիս-հունիս ամիսներին ձևավորվեց շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից բաղկացած Աշխատանքային խումբ, որը 2019 թվականի հուլիս ամսին մեկնարկեց Հայեցակարգի մշակման աշխատանքները:

Աշխատանքային խմբում ներգրավված էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մարզային իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, գիտական և քաղաքացիական հասարակության, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Հայեցակարգի մշակման գործում Աշխատանքային խմբին մասնագիտական աջակցություն տրամադրելու նպատակով ներգրավվեց խորհրդատվական ընկերություն:

Փաստաթղթի մշակման ընթացքում պարբերաբար անհատական և խմբային հանդիպումներ են կազմակերպվել աշխատանքային խմբի անդամների, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Հայեցակարգի բաժինները քննարկվել են աշխատանքային խմբի հանդիպումներին, որոնցից յուրաքանչյուրից հետո դրան լրամշակվել և շրջանառվել են աշխատանքային խմբի անդամների միջև՝ մեկնաբանությունների և առաջարկությունների համար։

2019 թվականի նոյեմբերի 21-ին, Հարթակի 6-րդ աշխատաժողովի ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվեց և քննարկվեց ամբողջական Հայեցակարգի նախնական տարբերակը, որը հետագայում լրամշակվեց՝ հաշվի առնելով ներկայացված առաջարկությունները և դիտողությունները:

Աշխատանքային խմբի կողմից մշակված Հայեցակարգի աշխատանքային տարբերակը 2020 թվականի ապրիլին ներկայացվեց շահագրգիռ պետական գերատեսչություններին իրավական կարգավիճակ տալու նպատակով: Հարթակի անդամ կառույցների և շահագրգիռ գերատեսչությունների միջև քննարկման արդյունքում որոշում կայացվեց, որ
Հայեցակարգի շրջանառման և դրան իրավական ուժ հաղորդելու ուղղությամբ աշխատանքները կստանձնի ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը:

Հարթակի տեխնիկական աջակցությամբ իրականացվեց Հայեցակարգի ձևաչափի լրամշակում՝ սահմանված կարգով պետական կառավարման ատյաններում շրջանառելու և դրան իրավական ուժ հաղորդելու համար:

2022 թվականի հունիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում արոտների կայուն կառավարման գործընթացներին և մեթոդներին արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին և համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը։ Այցի ընթացքում նախարարը հնարավորություն ունեցավ ավելի մոտիկից ծանոթանալ արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումներին և դրանց միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորություններին։

Թարմացվել է՝ 11․14.2022