Համայնքային, մարզային նախաձեռնություններ

ՀՀ Սյունիքի մարզում նախրաքաշի կազմակերպմանն ուղղված նախաձեռնություն

Հայաստանի Հանրապետությունում հոտերի և նախիրների սեզոնային տեղաշարժը՝ ամառային արոտներից դեպի ձմեռային արոտներ հաճախ կազմակերպվում է հախուռն և ոչ համակարգված, ինչը խնդիրներ է առաջացնում արոտավայրերի կայուն կառավարման, անասնագլխաքանակի ճշգրիտ հաշվառման, անասնահամաճարակային միջոցառումների արդյունավետ կազմակերպման և վերահսկման, կենդանի գլխաքանակի վաճառքի շարժի վերահսկողության և փաստաթղթավորման տեսանկյունից: Հարթակը հնարավորություն ընձեռնեց մարզային պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին արոտային շրջանում կենդանիների տեղաշարժի կանոնակարգման խնդիրը բարձրաձայնել ազգային մակարդակում և մեկնարկել նախրաքաշի կանոնակարգված կազմակերպմանն ուղղված առաջին նախաձեռնությունը Հայաստանում:

Նախաձեռնության նախապատմությունը և իրականացման ընթացքը:

2019 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Բնական Կերհանդակների` Արոտավայրերի և Խոտհարքների Կայուն Կառավարմանն Ուղղված Ծրագրերի Համակարգման Հարթակի 4-րդ աշխատաժողովին Սյունիքի մարզպետարանի և համայնքների կողմից բարձրաձայնվեց Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքների խոշոր և մանր եղջերավոր կենդանիների տեղաշարժի խնդիրը: Կենդանիների շարժը կատարվում է միջպետական մայրուղով, ինչը ոչ միայն խոչընդոտում է երթևեկությունը և վնաս է հասցնում մայրուղու հարևանությամբ գտնվող ցանքատարածություններին, այլև նվազեցնում է կենդանիների մթերատվությունը, սպառնում է մարդկանց և կենդանիների անվտանգությանը:

Արձագանքելով բարձրաձայնված խնդրին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի երեք խոշորացված համայնքների (Գորիս, Տեղ և Տաթև) անասնագլխաքանակի արոտահանման նախրաքարշի և անասնագլխաքանակի շարժի կազմակերպման հետ կապված խնդիրների լուծման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ 2019 թվականի հոկտեմբերին ստեղծվեց միջգերատեսչական աշխատանքային խումբ: 2019 թվականի նոյեմբերի 26-ին կայացավ միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Խմբի կազմում, բացի նախարարության ներկայացուցիչներից ներառվել են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Տեղի համայնքապետարանի և Ռազմավարական Զարգացման Գործակալություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:

Աշխատանքային խումբը որոշեց աշխատանքը կազմակերպել փուլային՝

1-ին փուլ` կազմել հոտերի և նախիրների արոտահանման շարժի՝ նախրաքաշի, հստակ ճանապարհային քարտեզը՝ համապատասխան ճանապարհները ուղղությամբ, նշումներով ներառելով հնարավոր ենթադրվող ենթակառուցվածքների տեղերը (ջրելատեղ, մակատեղ, կացարան, ճանապարh և այլն), և համապատասխան նախահաշիվը:

2-րդ փուլ` ենթադրվող հսկիչ անցակետերի տեղերի հստակեցում, քարտեզագրում և ենթադրվող նախահաշիվ (կացարան հերթապահության համար, ախտահանիչ մատեր, ցանկապատված տարածք):

3-րդ փուլ` անասնաբուժական ծառայության վերահսկողություն (անասնաբուժական ծառայության և վերահսկողության մեթոդաբանություն)

4-րդ փուլ` հնարավորության դեպքում անասնահոտերի արոտահանման շարժի այլընտրանքային ճանապարհ (համաճարակների դեպքերի համար):

Առաջին փուլով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, երկրորդ փուլի աշխատանքները՝ քննարկման փուլում են: Աշխատանքների ընթացքի վերաբերյալ մանրամասները ներկայացված են ստորև.

Սյունիքի մարզպետարանի և համայնքների կողմից նախանշվել է կենդանիների արոտահանման շարժի՝ նախրաքաշի ճանապարհային քարտեզը՝ ներառելով հնարավոր ենթադրվող ենթակառուցվածքների տեղերը (ջրելատեղի, մակատեղ, կացարան, ճանապարh և այլն) և կազմվել է նախնական նախահաշիվ:

Խնդրի լուծման նպատակով Տեղ, Գորիս, Տաթև, Սիսիան և Գորայք համայնքների միջև կնքվել է միջհամայնքային համագործակցության համաձայնագիր: Սեպտեմբերի 8-ին, 2021թ., «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ միջոցառում՝ Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Տաթև համայնքներից դեպի Գորայք համայնքի վարչական տարածքի հեռագնա արոտավայրեր անասնագլխաքանակի արոտահանման նախրաքաշի կազմակերպման երթուղու ճանապարհային քարտեզ-նախագծի և նախրաքաշը սպասարկող ենթակառուցվածքների նախագծա-նախահաշվային ավարտական աշխատանքները ներկայացնելու ևՀՀ Սյունիքի մարզպետարանին ու թիրախային համայնքներին փոխանցելու նպատակով։ Միջոցառումն ամփոփվեց համայնքների կողմից նախագծային փաթեթների ստորագրմամբ, որոնք հանձնվեցին Սյունիքի մարզպետարանին և թիրախային համայնքներին:

Նախրաքաշի երթուղու տեղորոշման և երթուղին սպասարկող ենթակառուցվածքների նախագծանախահաշվային փաթեթների կազմման նպատակով ներգրավվել էր նախագծող ընկերություն:

Առաջին փուլով նախատեսված աշխատանքները իրականացվել են «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ:

«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից շարունակական աշխատանք է տարվում նախրաքաշի կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունը պետական գերատեսչությունների ուշադրության կենտրոնում պահելու ուղղությամբ։ Այժմ նախրաքարշի կազմակերպմանն ուղղված աշխատանքները համակարգում է Սյունիքի մարզպետարանը, որը, նախագիծը ավարտին հասցնելու համար, զանազան միջոցառումների ժամանակ ներկայացնում է ծրագրի իրագործման կարևորությունն ու անհրաժեշտությունը։

Թարմացվել է՝ 14.11.2022