Նորություններ

Կայացավ «Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի առաջին աշխատաժողովը

2019-03-23

«Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի առաջին աշխատաժողովը տեղի ունեցավ 2018 թվականի մարտի 23-ին Երևանում: Հարթակը «Ռազմավարական զարգացման գործակալության» (ՌԶԳ)` «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» (ՇԶՀԳ) կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)(GIZ) «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի (ԳԶՀ) Համաշխարհային բանկի CARMAC II ծրագրի համատեղ նախաձեռնությունն է: Հարթակի նպատակն է` Հայաստանում կերհանդակների կառավարման ոլորտում գործող կազմակերպությունների միջև արդյունավետ համագործակցություն և աշխատանքների համակարգում ապահովել: Այն կբարձրացնի անասնապահության ոլորտում իրականացվող ծրագրերի և ներդրումների արդյունավետությունը, որն էլ իր հերթին կբարելավի ֆերմերների բարեկեցությունն ու կնպաստի գյուղական տարածքներում սոցիալական և տնտեսական աճին:

Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ Բնապահպանության նախարարության, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Տարածքային զարգացման և կառավարման նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ: ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը իր ելույթում կարևորեց հարթակի նշանակությունը: Մասնակիցներն ակտիվորեն քննարկեցին Հայաստանում բնական կերհանդակների կառավարման կարևորությունը և ներկա վիճակը, հայեցակարգային փաստաթղթում ներկայացված հարթակի գաղափարն ու տեսլականը: Հանդիպման ավարտին մասնակիցներն առաջիկա քայլերի ժամանակացույցի և նախատեսված շոշափելի արդյունքների վերաբերյալ ավելի հստակ պատկերացում կազմեցին:

«Անասնապահության զարգացում Սյունիքի մարզում» ծրագիրն իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ և ֆինանսավորվում է «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» (ՇԶՀԳ) կողմից: Ծրագրի նպատակը ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում անասնապահության ոլորտում ներգրավված տղամարդ և կին ֆերմերների եկամուտների աճի և տնտեսական հնարավորությունների ընդլայնումն է: Այն ընդգրկում է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 100 գյուղական համայնք` շուրջ 60,000 բնակչությամբ կամ 14,000 տնտեսությամբ: