Նորություններ

Ավարտվեց ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող «Արոտի կայուն կառավարման առավելությունները» իրազեկման արշավը

2020-09-15

Սեպտեմբերի 8-ին ավարտվեց 2020 թվականի հունիսի 12-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքների կողմից մեկնարկած արոտի կայուն կառավարման առավելությունների վերաբերյալ «Պահպանենք մեր արոտը՝ ապահովենք մեր երեխաների ապագան» կարգախոսով իրազեկման արշավը:

Իրազեկման արշավն իրականացվել է «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ, որն իրագործվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության» ֆինանսավորմամբ: Նոր կորոնովիրուսային վարակի տարածման պատճառով իրազեկման արշավն հիմնականում անցկացվել է առցանց սոցիալական հարթակների և լրատվական միջոցների օգնությամբ:

Արշավի նպատակն էր բնակչության շրջանում ձևավորել և ամրապնդել բնական ռեսուրսների, մասնավորապես՝ արոտի ողջամիտ ու անվտանգ օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության մշակույթ:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության ծրագրային թիմը տեխնիկական աջակցություն է տրամադրել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքների համապատասխան աշխատակազմին` արշավի շրջանակներում տեքստային և վիզուալ տեղեկատվական նյութեր և հաղորդագրություններ մշակելու գործում: Երեք ամիսների ընթացքում 3 տեսագրություն, 40 տեքստային հաղորդագրություն է մշակվել և հրապարակվել համայնքապետարանների ֆեյսբուքյան էջերում կամ կայք էջերում:

Արշավի ընթացքում Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 12 խոշորացված համայնքների  երեխաների համար անցկացվեց նկարչական մրցույթ  «Իմ արոտը» խորագրով, որը նպատակ ուներ բարձրացնել նրանց հետաքրքրվածությունն ու գիտելիքների մակարդակն արոտների պահպանման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև սերմանել պատասխանատվության զգացում շրջակա միջավայրի հանդեպ:

Սոցիալական մեդիա հարթակների օգտատեր չհանդիսացող բնակչության իրազեկման համար մշակվել և տարածվել են տեղեկատվական բուկլետներ երկու թեմաներով. «Արոտավայրերի կայուն կառավարման առավելությունները» և «Կերային մշակաբույսերի արտադրություն կլիմայի փոփոխության պայմաններում»: Սիսիան համայնքում արոտավայրերի կառավարման օգուտների մասին տեսանյութ է մշակվել և հեռարձակվել տարածաշրջանային հեռուստաընկերության եթերում: