
Առցանց կայացավ ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 8-րդ աշխատաժողովը
Հունվարի 20-ին առցանց կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 8-րդ աշխատաժողովը, որին մասնակցեցին բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ՝ Իռա Փանոսյանը և Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը:
Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը: Խոսնակները նաև կարևորեցին Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի վերջնական տեսքի բերման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին հարթակի ընթացիկ ծրագրերն ու 2021 թվականի աշխատանքային պլանը և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ իրականացվող «Արոտավայրերի կայուն կառավարման ինստիտուցիոնալ շրջանակ»-ի նկարագրության և «Արոտավայրերի կայուն կառավարման ոլորտում ՏԻՄ լիազորությունների և գործառույթների իրականացման» մեթոդական ուղեցույցի մշակման ուղղությամբ տարված աշխատանքը:
ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: