Հայտարարություններ

Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանում կայացավ ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 9-րդ աշխատաժողովը

2022-05-18

Մայիսի 13-ին, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 9-րդ աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունների նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեց ՀԱԱՀ տնտեսական հարցերի գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Իր խոսքում պ-ն. Զաքոյանը կարևորեց Հարթակի գործունեությունը, մասնավորապես արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված նախաձեռնությունները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ և բեղմնավոր աշխատանք մաղթեց Համաշխարհային Բանկի գյուղատնտեսության ավագ մասնագետ, ՀԳՌԿՄ -2 ծրագրի պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը՝ իր խոսքում շատ կարևորելով ՀԲ մասնակցությունը Հարթակի աշխատաժողովին,քանի որ այն հնարավորություններ է ստեղծում լուծումներ տալու բնական կերհանդակների կառավարման ոլորտում առաջացած խնդիրներին:

Խոսնակները ողջունեցին Հարթակի հերթական Աշխատաժողովը կազմակերպելու նախաձեռնությունը, ինչպես նաև կարևորեցին Հարթակի գործունեությունը, որի հիմնական ուղղությունները միտված են ՀՀ բնական կերհանդակների կայուն կառավարմանն ու վերջիններիս ուղղությամբ իրականացվող ծրագրերին:

Աշխատաժողովի ընթացքում ՀԳՌԿՄ-2 ծրագրի ներկայացուցիչ Կ.Թորոսյանը ներկայացրեց ՀԳՌԿՄ-2 ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, այնուհետև Վ. Հովհաննիսյանը ներկայացրեց ՌԶԳ ՀԿ կողմից իրականացվող անասնապահության զարգացման ծրագրերի արդյունքներն ու նոր՝ «Անասնապահության Զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի մեկնարկը:

Զեկույցով հանդես եկավ նաև արոտավայրերի կառավարման փորձագետ Գ. Թովմասյանը՝ ներկայացնելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքներից՝ դեպի Գորայք համայնքի արոտավայրեր անասնագլխաքանակի արոտահանման նախրաքաշի երթուղու տեղորոշում և այն սպասարկող ենթակառուցվածքների կառուցման նախագիծը: Աշխատաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին  այս ընթացքում արոտավայրերի բարելավման ուղղությամբ իրականացված ծրագրերի դրական արդյունքները, ինմչպես նաև կարևորեցին նախրաքարշի նախագիծը կյանքի կոչելուն միտված քայլերն ու շահագրգիռ կազմակերպությունների դերը:

Զեկույցով հանդես եկավ նաև ԳՄՀԸ իրավական խորհրդատու Վ. Պետրոսյանը՝ ներկայացնելով արոտավայրերի կայուն կառավարման նպատակով օրենսդրական ակտերի նախագծերը, դրանց ընդունման անհրաժեշտությունն ու նշանակությունը:

Միջոցառման մասնակիցները կարևորեցին և պատրաստակամություն հայտնեցին միացյալ ուժերով բարձրաձայնելու տվյալ պահին ոլորտում առկա բացթողումները և ուղիներ մշակել դրանք լրացնելու ուղղությամբ: Հարթակի հետագա աշխատաժողովներին ևս քննարկված հարցերին անդրադարձ կլինի:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, ԳՄՀԸ կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի, ինչպես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: