
Արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին փոխանցման միջոցառում
Սույն թվականի հունիսի 29-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրիտեք լսարանում կայացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աջակցությամբ մշակված արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ՀԱԱՀ) փոխանցման միջոցառումը:
Նյութերը մշակվել են ԷԿՈսերվ ծրագրի արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ Գերմանիայի օդատիեզերական գործակալության (DLR) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում՝ սերտորեն համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների (ՏԿԵՆ) հետ:
Մշակված նյութերը կարող են կիրառվել որպես արդյունավետ գործիք արոտավայրերի և խոտհարքների մոնիտորինգի, կառավարման, որոշումների կայացման և ռազմավարության մշակման համար:
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման արդյունքները, կարևորությունը և հետագա քայլերը, տվյալների համակարգված հավաքագրումը, փոխանցումը և կիրառությունը արոտավայրերի կայուն կառավարման համատեքստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվեց վերապատրաստման արդյունքում ձեռքբերված գիտելիքների հիման վրա իրականացված՝ պիլոտային բնակավայրի արոտավայրերի և խոտհարքների փորձնական քարեզագրումը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ընդգծելով արոտավայրերի տնտեսական և բնապահպանական նշանակությունը: Կարևորվեց արոտավայրերի արդյունավետ կառավարման շնորհիվ համայնքներում շոշափելի արդյունքների արձանագրումը, որի համար ճշգրիտ տվյալների հասանելիությունը անհրաժեշտություն է:
ՀՀ-ում Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր գնահատեց ԳՄՀԸ և տեղական գործընկերների երկարամյա համագործակցությունը և կարևորեց արոտավայրերի կայուն կառավարումը՝ որպես տնտեսական զարգացման և պարենային անվտանգության գործոն:
ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմերին արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ տրամադրված նյութերը կծառայեն ի նպաստ կենսաբազմազանության կայուն կառավարման՝ տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից:
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա. Գիլոյանը կարևորեց ԳՄՀԸ և տեղական գործընկերների երկարամյա համագործակցությունը՝ մասնավորապես բնապահպանության և համայնքների զարգացման ոլորտում:
ՀԱԱՀ պրոռեկտոր Հ. Զաքոյանը, խոսելով արոտավայրերի քարտեզագրման ԱՏՀ/GIS մոդելի կիրառության նշանակության մասին, ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը կրթական ոլորտում:
Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին հետագա հնարավոր միջոլորտային համագործակցությունը Հայաստանում արոտավայրերի կայուն կառավարումն ապահովելու համար։