Նորություններ

«Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողության արդյունքների ներկայացում

2022-12-02

Սույն թվականի նոյեմբերի 23-ին, տեղի ունեցավ  «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողության ներկայացումը:

Միջոցառման նպատակն է գործընկեր նախարարություններին և շահագրգիռ կողմերին ներկայացնել գյուղատնտեսական հողատեսքերի մշակության և արդյունավետության բարձրացման` գործողության փորձով ապացուցված արդյունավետ մեթոդները, ինչպես նաև գործընկեր նախարարություններին փաթեթի տեսքով փոխանցել գործողության արդյունքների հիման վրա ձևավորված եզրակացությունները և առաջարկությունները: Գործողության շրջանակում կիրառված մեթոդներն ուղղված են կերարտադրության ծավալների ավելացմանը՝ նվազեցնելով ճնշումը բնական կերհանդակների վրա: Ենթադրվում է, որ փոխանցվելիք փաթեթը հիմք կհանդիսանա գործընկերների կողմից աջակցության ծրագրերի մշակման համար՝ անասնակերի արտադրության, հատկապես կորնգանի ցանքատարածությունների ավելացման և բնական կերհանդակների բարելավման ուղղությամբ: Իրականացված գործողությունը լիարժեքորեն համահունչ է ՀՀ կառավարության առաջնահերթություններին, որոնցից են չօգտագործվող վարելահողերի մշակությունը և բնական կերհանդակների բարելավումը, որպես կլիմայի հարմարվողականության միջոց՝ ուղղված էկոհամակարգերի պահպանությանը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ պրն. Վաչե Տերտերյանը: Նա իր խոսքում կարևորեց ԳՄՀԸ բնապահպանական ծրագրերի դերը արոտների կայուն կառավարման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու հարցում: ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, ողջունելով ներկաներին, հույս հայտնեց, որ ներկայացված  եզրակացությունները և առաջարկությունները կկիրառվեն որոշումների կայացման և ռազմավարությունների մշակման գործընթացում:

ԳՄՀԸ ԷԿՈսերվ ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը իր խոսքում կարևորեց չմշակվող վարելահողերի օգտագործումը, քանզի այն  որպես կերարտադրության միջոց նպաստում է բնական կերհանդակների վրա ճնշման նվազեցմանը, կենսաբազմազանության պահպանությանը և ունի լուրջ էկոլոգիական նշանակություն:

2021-2022 թթ.-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող ԷԿՈսերվ բնապահպանական ծրագիրը «Շեն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ իրականացրեցին «Անասնակերի արտադրություն և արոտների բարելավում՝ որպես ՔՈՎԻԴ-19 հետևանքների մեղմման միջոցառում» գործողությունը: Նպատակն էր բարելավել 10 տարի և ավել չօգտագործվող վարելահողերը՝ անասնակերի արտադրության միջոցով, ինչպես նաև բարելավել արոտավայրերը: Գործողության շրջանակներում Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերում իրականացվել են վարելահողերի և արոտավայրերի տարբեր մեթոդներով մշակման/բարելավման պիլոտային աշխատանքներ:

Գործողություններն իրականացվել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքների 11 բնակավայրերում, Լոռու մարզի Գյուլագարակ և Շիրակի մարզի Ամասիա համայնքներում: Արդյունքում իրականացվել է 300,42 հա վարելահողերի մշակում՝ կորնգանի ցանքի տարբեր տեխնոլոգիաների կիրառմամբ. 326 ֆերմերներ բարելավել են իրենց պատկանող դեգրադացված և տարիներ շարունակ չօգտագործվող վարելահողերը: Հինգ համայնքներում կատարվել է 20-ական հա՝ ընդհանուր 100 հա արոտավայրերի մակերեսային բարելավում՝ խոտախառնուրդով ենթացանքի և այլ մեթոդների միջոցով: