Ծրագրեր

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիր

«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանում անասնապահության զարգացմանն ուղղված ծրագրերի տրամաբանական շարունակությունն է և մշակվել է հաշվի առնելով նախկինում ունեցած արդյունքներն ու ձեռքբերումները:

Ծրագրի այս փուլը թիրախում է ՀՀ Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 100
գյուղական բնակավայրեր՝ նպատակ ունենալով ընդլայնել անասնապահության ոլորտում ներգրավված բնակչության եկամուտները և տնտեսական հնարավորությունները:

Ծրագրի միջամտությունները նպատակ ունեն.

(ա) բարելավել կաթի և մսի շուկաների հասանելիությունը` հուսալի շուկայական մեխանիզմների զարգացման և շուկայի մասնակիցների միջև վստահելի կապերի ձևավորման շնորհիվ;

(բ) բարելավել գյուղատնտեսական պարագաների և աջակցող ծառայությունների (ինչպիսիք են` անասնաբուժական ծառայությունները, կենդանիների արհեստական սերմնավորումը, գյուղատնտեսական պարագաների և ծառայությունների մատակարարումը և այլն) հասանելիությունը` սահմանափակ ներդրումային նախաձեռնությունների, մատակարարների կարողությունների զարգացման, համապատասխան պետական կառույցների հետ երկխոսության հաստատման շնորհիվ;

(գ) ընդլայնել կին և տղամարդ ֆերմերների՝ ֆերմերային տնտեսության վարման արդյունավետ մեթոդներ կիրառելու հնարավորությունները` զարգացնելով մսի և կաթի արժեշղթայի մասնակիցների խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ տրամադրելու կարողությունները, ինչպես նաև իրականացնելով ֆերմերային տնտեսությունների արտադրողականության բարձրացմանն ուղղված կարճատև գործողություններ (ուսուցում, փորձի փոխանակում, անհատական խորհրդատվություն և այլն);

(դ) նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների հզորացմանը` աջակցելու գյուղերի տնտեսական աճին և մասնավորապես` անասնապահության ոլորտի զարգացմանը՝ համայնքային արոտների արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման մշակույթի ձևավորման և ընթացակարգերի ներդրման միջոցով։

Նվաճումներ՝

Ծրագրի թիրախային համայնքներում արոտների կայուն կառավարման մշակույթի ներդրման ուղղությամբ արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացված են ստորև.

  • ՏԻՄ-երի հետ սերտ համագործակցության և կարողությունների հզորացման շնորհիվ ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 90 բնակավայրերում ներդրվել են արոտների կայուն կառավարման բարելավված ընթացակարգեր, մշակվել են արոտների կայուն կառավարման պլաններ և գործարկվում են արոտավայրերի հերթափոխային արածեցման սխեմաներ:
  • Կառուցվել կամ հիմնանորոգվել են շուրջ 200 արոտային ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում 70 400 հեկտար արոտավայրեր հասանելի են դարձել անասնապահական տնտեսությունների համար:
  • Վերականգնողական բնույթի մակերեսային բարելավումների իրականացման շնորհիվ շուրջ 100 հեկտար դեգրադացված արոտավայրում բարելավվել է արոտների էկոլոգիական և տնտեսական վիճակը, ավելացել է արոտային բուսածածկերի արտադրողականությունն ու որակական կազմը, այդ տարածքները հասանելի են դարձել արոտօգտագործող տնտեսվարողներին:
  • Թիրախային մարզերում իրականացվել է բազմամյա և հյութալի կերային մշակաբույսերի՝ կորնգանի, առվույտի, կերի ճակնդեղի, եգիպտացորենի շուրջ 590 հեկտար ցանքս, ինչը դրական է անդրադառնում մսուրային ժամանակահատվածում կերապահովման խնդրի լուծմանը և նվազեցվում է վաղ գարնանային և ուշաշնանային ճնշումը բնական կերհանդակների վրա, բարձրանում է կենդանիների մթերատվությունը:
  • Շուրջ 450 մարդ մասնակցել է արոտավայրերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման կարգերի կիրառման վերաբերյալ թեմատիկ դասընթացների, փորձի փոխանակման այցելությունների:

Տվյալները թարմացվել են 2020թ.-ի օգոստոսի 1-ին:

Տևողություն՝
Սեպտեմբեր 2014 – Օգոստոս 2020

Աշխարհագրություն՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, ՀՀ Սյունիքի մարզ

Ֆինանսավորող կառույց՝ Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (ՇԶՀԳ)

Իրականացնող կառույց՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն » ՀԿ

Ծրագրի ղեկավար` Կարինա Հարությունյան

Հասցե՝ Այգեստան 5-րդ փող., #3/1 տուն

Հեռ՝ +374 (010) 517 528

Էլ. հասցե՝ k.harutyunyan@sdaoffice.com