Ծրագրեր

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիր

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ – հյուսիս» ծրագրի թիրախում են Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 99,000 ընդհանուր բնակչությամբ 100 գյուղական բնակավայրերի անասնապահությամբ զբաղվող տնային տնտեսությունները, կաթի և մսի արժեշղթաների դերակատարները և տեղական ինքնակառավարման մարմինները:

Եռամյա ծրագրի գործընկերներն են ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզպետարանները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները:

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրի երկարաժամկետ նպատակն է նպաստել Հայաստանի հյուսիսային մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին՝ մասնավոր հատվածի զարգացման խթանման և հայ վրացական տնտեսական հարաբերությունների ակտիվացման միջոցով:

Ծրագրի միջամտությունները նպատակ ունեն նպաստել.

  1. Անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար կաթի ու մսի տեղական և արտահանման շուկաների հասանելիությանը:
  2. Անասնապահությամբ զբաղվող ֆերմերների համար գյուղատնտեսական պարագաների, բիզնեսի զարգացման, ծառայությունների և տարածաշրջանային սերտ կապերի հասանելիության բարելավմանը:
  3. Անասնապահությամբ զբաղվող ֆերմերների, տեղական ինքնակառավարման մարմինների և գյուղատնտեսական արտադրողների կարողությունների հզորացմանը բնական ռեսուրսների կայուն կառավարման մոտեցումների ներդրման միջոցով:

Ծրագրի հիմնական սկզբունքներն են՝

  • անասնապահության ոլորտի անմիջական շահառուների՝ 200 պետական և մասնավոր դերակատարների, կարողությունների զարգացման միջոցով նպաստել ծառայությունների մատուցման կայուն զարգացմանը և համակարգային փոփոխություններին,
  • գենդերային հավասարության խթանումը՝ նպաստելով կին և տղամարդ ֆերմերների կողմից իրականացվող արտադրական գործառույթների արդյունավետ իրականացմանը և ֆերմերային և համայնքային մակարդակներում որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածության ապահովմանը:

Նվաճումներ՝
Ծրագրի թիրախային համայնքներում արոտների կայուն կառավարման մշակույթի ներդրման ուղղությամբ արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացված են ստորև.

  • ՏԻՄ-երի հետ սերտ համագործակցության և կարողությունների հզորացման շնորհիվ ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 100 բնակավայրերում ներդրվել են արոտների կայուն կառավարման բարելավված ընթացակարգեր, մշակվել են արոտների կայուն կառավարման պլաններ և գործարկվում են արոտավայրերի հերթափոխային արածեցման սխեմաներ:
  • Կառուցվել կամ հիմնանորոգվել են ավելի քան 170 արոտային ենթակառուցվածքներ, ինչի արդյունքում 15 365 հեկտար արոտավայրեր հասանելի են դարձել անասնապահական տնտեսությունների համար:
  • Շուրջ 370 մարդ (որոնց 30%-ը կազմել են կանայք, իսկ 70%-ը՝ տղամարդիկ) մասնակցել է արոտավայրերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման և կայուն կառավարման կարգերի կիրառման վերաբերյալ թեմատիկ դասընթացների, փորձի փոխանակման այցելությունների:
  • Ընդհանուր առմամբ, 100 գյուղական բնակավայրերում ներդրվել և իրականացվել են բնապահպանական բնույթի ընթացակարգեր, որից մեկը վերաբերում է արոտավայրերում ռոտացիոն արածեցմանը:
  • Բնական ռեսուրսների կառավարման արդյունքում թիրախային բնակավայրերի ավելի քան 5 300 գյուղացիական արտադրողներ (որոնց 30%-ը կազմում են կանայք, իսկ 70%-ը՝ տղամարդիկ) գրանցել են դրամական եկամուտենրի դրական փոփոխություն:

 

Տվյալները թարմացվել են 2020թ.-ի օգոստոսի 1-ին:

Տևողություն՝ Դեկտեմբեր, 2017թ. – Դեկտեմբեր, 2020թ.

Աշխարհագրություն՝ ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի 100 բնակավայր

Ֆինանսավորող կառույց՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալություն, Շվեյցարիայի Զարգազման և Համագործակցության Գործակալություն

Իրականացնող կառույց՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ

Ծրագրի ղեկավար` Վահե Հովհաննիսյան

Հասցե՝ Սերգեյ Մերգելյան փող., #3/1 տուն

Հեռ՝ +374 (010) 517 528

Էլ. հասցե՝ v.hovhannisyan@sdaoffice.com