Նորություններ

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ տարեկան ամփոփիչ աշխատաժողով արոտավայրերի արդյունավետ կառավարման թեմայով

2019-12-28

Դեկտեմբերի 23-ից 27-ը Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անասնապահության Զարգացում Հայաստանի Հարավում» և «Անասնապահության Զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրերի շրջանակներում արոտավայրերի կառավարման ուղղությամբ ՏԻՄ-երի հետ տարվող աշխատանքների տարեկան արդյունքների ամփոփմանը և հետագա քայլերի քննարկմանը նվիրված աշխատաժողով: Միջոցառմանը մասնակցեցին Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ՏԻՄ-երի և մարզպետարանների շուրջ 300 ներկայացուցիչ:

Միջոցառումը սկսվեց «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչների ողջույնի խոսքով, որին հաջորդեցին արոտների կայուն կառավարման անհրաժեշտության ու այդ գործում համայնքների դերակատարման և ՀՀ բնական կերհանդակների՝ արոտների և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 2019 թվականի կատարած աշխատանքների համառոտ ներկայացումները: Միջոցառման վերջին հատվածում ներկայացվեցին երկու ծրագրերի շրջանակներում ՏԻՄ-երի կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրային միջամտությունների արդյունքները, քննարկվեցին քաղված դասերը, տեղի ունեցավ հարցուպատասխան: Հանդիպման ավարտին մասնակիցները նաև հնարավորություն ունեցան հնչեցնել իրենց առաջարկությունները:
«Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագիրն իրականացվում է Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսավորմամբ, իսկ «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագիրն՝ Ավստրիական Զարգացման և Համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի Զարգացման Գործակալության ու Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագրերն ընդգրկում են Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի 200 գյուղական բնակավայրեր՝ շուրջ 160 000 ընդհանուր բնակչությամբ ու նպատակ ունեն այդ թվում բնական ռեսուրսների կայուն կառավարման միջոցով բարելավել թիրախային մարզերում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունների եկամուտները և ընդլայնել դրանց տնտեսական հնարավորությունները։