
Տեղի ունեցավ ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 5–րդ աշխատաժողովը
2019 թվականի սեպտեմբերի 17–ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի «Մանթաշով» հանդիպումների սրահում տեղի ունեցավ ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 5–րդ աշխատաժողովը: Աշխատաժողովը նվիրված էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)/(GIZ), բնապահպանական ծրագրի կողմից աջակցվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» ծրագրի շրջանակներում ընթացող ՀՀ բնական կերհանդակների (արոտավայրերի և խոտհարքների) տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրության արդյունքների քննարկմանը։
Աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ Կադաստրի և Վիճակագրական կոմիտեների, պետական ոլորտում գործող, միջազգային, հասարակական և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
Հինգերորդ աշխատաժողովի ընթացքում`
- Ներկայացվեց ու քննարկվեց ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների տեղեկատվական համակարգի մշակման իրագործելիության և հնարավոր կառուցվածքի ուսումնասիրությունը
- Ներկայացվեց և դեմո տարբերակով փորձարկվեց տեղեկատվական համակարգի առաջարկվող մոդելը