Նորություններ

Փորձի փոխանակման այց Ղրղզստանի Հանրապետություն (13.10.2019-19.10.2019)

2019-10-13

ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը, առաջնորդվելով իր 2019 թվականի աշխատանքային ծրագրով 2019 թվականի հոկտեմբերի 13-ից 19-ը նախաձեռնեց փորձի փոխանակման այց Ղրղզստանի Հանրապետություն: Երկրի ընտրությունը պայմանավորված էր Ղրղզստանի Հանրապետությունուն արոտների կառավարման ոլորտում գրանցած հաջողություններով և առաջընթացով: Այցին մասնակցում էին ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի հիմնադիր և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունից և Սյունիքի մարզպետարանից:
Այցի նպատակն էր ծանոթանալ Ղրղզստանի Հանրապետությունում արոտավայրերի կառավարման հաջողված փորձին, ոլորտին առնչվող գործող իրավական և ինստիտուցիոնալ դաշտին, ոլորտը համակարգող ազգային, ինչպես նաև տարածքային կառույցների աշխատանքներին և այցի ընթացքում ձեռք բերված փորձը կիրառել ՀՀ-ում արոտավայրերի կայուն կառավարման հայեցակարգի մշակման աշխատանքների ընթացքում։

Այցի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Ղրղզստանի խորհրդարանի փոխխոսնակ՝ Միրլան Բակիրովի հետ, քննարկվեց արոտավայրերի կառավարման ոլորտի օրենսդրության մշակման գործընթացը և Գյուղատնտեսության նախարարության արոտավայրերի կառավարման վարչության պետ՝ Կուբանիչբեկ Էշիմբեթովի կողմից ներկայացվեց արոտավայրերի կառավարման ոլորտի բարեփոխումների խթանման գործում գերատեսչության դերը:

Արոտօգտագործողների միավորումների ազգային ասոցիացիայի, Արոտավայրերի կառավարման կոմիտեի և Արոտավայրերի կառավարման կոմիտեների շրջանային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում այցի մասնակիցները ծանոթացան նաև արոտավայրերի համայնքային կառավարման մեխանիզմներին:

Փորձի փոխանակման այցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ ունեցան նաև Ղրղզստանի Հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ազգային համակարգող՝ Մարատ Ասանալիևը և ՄԱԶԾ ԳԷՀ ծրագրի համակարգող՝ Միրգուլ Ամանալիևան ներկայացրեցին արոտավայրերի կառավարման և օգտագործման ոլորտում իրականացված նախաձեռնություններն ու արոտավայրերի էլեկտրոնային կառավարման համակարգը:

Ուսուցողական այցը կազմակերպվել էր Հարթակի կողմ՝ Գերմանական միջազգային համագործակցություն ընկերության (ԳՄՀԸ) (GIZ) Կենսաբազմազանության Ինտեգրված Կառավարում (ԿԻԿ) ծրագրի աջակցությամբ։