Նորություններ

Առցանց կայացավ ՀՀ Բնական կերհանդակների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի 7-րդ աշխատաժողովը

2020-06-09

2020 թվականի հունիսի 9-ին առցանց կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակ»-ի 7-րդ աշխատաժողովը, որին մասնակցում էին բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչության ՀԳՌԿՄ-2 ծրագրի ղեկավար Դավիթ Մեժլումյանը: Խոսնակները ողջունեցին ներկայիս դժվարին պայմաններում Աշխատաժողովն առցանց կազմակերպելու նախաձեռնությունը: Խոսնակները նաև կարևորեցին Հարթակի գործունեությունը՝ մատնանշելով հատկապես արոտների կայուն կառավարման հայեցակարգի մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց «ՀՀ արոտների կառավարման հայեցակարգի» ներկա կարգավիճակը, Հարթակի 2020 թվականի աշխատանքային պլանը, և դրա հետ կապված հետագա քայլերը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)(GIZ), բնապահպանական ծրագրի կողմից մշակված «Արոտների բարելավման ձեռնարկ»-ը:

ՀՀ Բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակը հանդիսանում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)(GIZ), բնապահպանական ծրագրի կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում և էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ECOserve) ծրագրի, ինչպխես նաև Համաշխարհային բանկի աջակցմամբ և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի համատեղ նախաձեռնություն: