Նորություններ

Առցանց կայացավ «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը

2021-02-12

Սույն թվականի փետրվարի 10-ին առցանց կայացավ «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի մեկնարկային աշխատաժողովը, որին մասնակցեցին բնական կերհանդակների ոլորտին առնչվող նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ինչպես նաև գիտական կառույցների, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նախագիծը իրագործվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող ECOserve բնապահպանական ծրագրի շրջանակներում: Աշխատանքներն իրականացվում են Գերմանական օդատիեզերական կենտրոնի և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) կողմից, պիլոտային մասը՝ Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից, ՀՀ էկոնոմիկայի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարարության   տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ ` Աշոտ Գիլոյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ՝ Իռա Փանոսյանը, Ecoserve ծրագրի ղեկավար՝ Թոբիաս Վիթմանը և ԱՀԿՄԿ (ICARE) հիմնադրամի տնօրեն՝ Արթուր Գրիգորյանը: Քննարկմանը միացել էր նաև ՀՀ Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ՝ Վաչե Տերտերյանը, ով կարևորեց ներկայացված նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնեց աջակցել ներկայացված ծրագրերին:

Խոսնակները մատնանշեցին «Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրում» նախագծի կարևորությունը և հույս հայտնեցին, որ ծրագիրը կնպաստի արոտների էլ ավելի լավ ու կայուն կառավարմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանի արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման գործընթացը, Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների տարածվածության, վիճակի և կենսազանգվածի և բեռնավորման քարտեզագրման նախագիծը, GrassAM նախագծի նախնական արդյունքները, Լոռու և Շիրակի մարզերում արոտների և խոտհարքների քարտեզների փորձարկման պիլոտային ծրագիրն ու ակնկալվող արդյունքները: