Նորություններ

Կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը

2021-04-16

Սույն թվականի ապրիլի 16-ին ք. Ջերմուկի Օլիմպիա հյուրանոցում (hասցե՝ Հայաստան, 3701, Վայոց ձորի մարզ, ք. Ջերմուկ, Շահումյան փող., 16 շենք) կայացավ «ՀՀ բնական կերհանդակների՝ արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարում, փորձի փոխանակում և քաղված դասերի քննարկում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ և ՀՀ խոշորացված համայնքների ղեկավարներ:

Միջոցառման սկզբում մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ՝ Իռա Փանոսյանը և «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ` Մկրտիչ Այվազյանը:

Իռա Փանոսյանը մատնանշեց «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի  կողմից «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ–հյուսիս» ծրագրերի իրականացման կարևորությունը և հույս հայտնեցին, որ ծրագրերի  միջամտությունները կնպաստեն արոտների էլ ավելի լավ ու կայուն կառավարմանը:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին՝ «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» և «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրերի շրջանակներում իրականացված արոտների հասանելիության ապահովմանն ու արոտների կայուն կառավարմանը միտված միջոցառումները և քաղված դասերը, Հայաստանում արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման նախագիծը ու արոտային ենթակառուցվածքների մոնիթորինգի, շահագործման ու սպասարկման կանոնները և միջինացված ծախսերը բնութագրող ուղեցույցը: