Նորություններ

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելեց Սյունիք` արոտների կայուն կառավարման գործընթացին ծանոթանալու նպատակով

2022-07-01

Սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն աշխատանքային այցով մեկնեց Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզում արոտների կայուն կառավարման գործընթացներին և մեթոդներին։ Այցը կազմակերպվել էր ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի նախաձեռնությամբ։

Էկոնոմիկայի նախարարի այցի նպատակն էր տեղում ծանոթանալ արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին, համայնքներում առկա կառավարման պլանների օգտագործման հաճախականությանը և տարիների ընթացքում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգանում Հայաստանի հարավում», «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս» ծրագրերի, ինչպես նաև «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի շրջանակներում ստեղծված ենթակառուցվածքներին։

Այցի ընթացքում նախարարը հնարավորություն ունեցավ ավելի մոտիկից ծանոթանալ արոտների կայուն կառավարման արդյունքում գրանցված ձեռքբերումներին և դրանց միջոցով համայնքների համար հավելյալ արժեքի ստեղծման հնարավորություններին։

Այցի շրջանակներում նախարարը այցելեց Խոտ բնակավայրում գտնվող Սյունիքի անասնաշուկա, որտեղ ներկայացվեցին կատարված և իրականացվող աշխատանքները և ծրագրերը, ինչպես նաև առաջիկա անելիքները։