Նորություններ

Արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին փոխանցման միջոցառում

2022-07-14

Սույն թվականի հունիսի 29-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի  Ագրիտեք լսարանում կայացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ԷԿՈսերվ բնապահպանական ծրագրի աջակցությամբ մշակված արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրական նյութերը ազգային գործընկերներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ՀԱԱՀ) փոխանցման միջոցառումը:

Նյութերը մշակվել են ԷԿՈսերվ ծրագրի արոտավայրերի կայուն կառավարմանն ուղղված միջոցառումների շրջանակներում՝ Գերմանիայի օդատիեզերական գործակալության (DLR) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ աշխատանքի  արդյունքում՝ սերտորեն համագործակցելով ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների (ՏԿԵՆ) հետ:

Մշակված նյութերը կարող են կիրառվել որպես արդյունավետ գործիք արոտավայրերի և խոտհարքների մոնիտորինգի, կառավարման, որոշումների կայացման և ռազմավարության մշակման  համար:

Միջոցառման ընթացքում  ներկայացվեցին արոտավայրերի և խոտհարքների քարտեզագրման արդյունքները, կարևորությունը և հետագա քայլերը,  տվյալների համակարգված  հավաքագրումը, փոխանցումը և կիրառությունը արոտավայրերի կայուն կառավարման համատեքստում: ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացվեց վերապատրաստման արդյունքում ձեռքբերված գիտելիքների հիման վրա իրականացված՝ պիլոտային բնակավայրի  արոտավայրերի և խոտհարքների փորձնական քարեզագրումը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ  ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ ընդգծելով արոտավայրերի տնտեսական և բնապահպանական նշանակությունը: Կարևորվեց արոտավայրերի արդյունավետ կառավարման շնորհիվ համայնքներում շոշափելի արդյունքների արձանագրումը, որի համար ճշգրիտ տվյալների հասանելիությունը անհրաժեշտություն է:

ՀՀ-ում  Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր գնահատեց ԳՄՀԸ և տեղական գործընկերների երկարամյա համագործակցությունը և  կարևորեց արոտավայրերի կայուն կառավարումը՝ որպես տնտեսական զարգացման  և պարենային անվտանգության գործոն:

ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերը շնորհակալություն հայտնեց համագործակցող կողմերին արդյունավետ աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ տրամադրված նյութերը կծառայեն ի նպաստ կենսաբազմազանության կայուն կառավարման՝ տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից:

ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Ա. Գիլոյանը  կարևորեց ԳՄՀԸ և տեղական գործընկերների երկարամյա համագործակցությունը՝ մասնավորապես բնապահպանության և համայնքների զարգացման ոլորտում:

ՀԱԱՀ պրոռեկտոր Հ. Զաքոյանը, խոսելով արոտավայրերի քարտեզագրման ԱՏՀ/GIS մոդելի կիրառության նշանակության մասին, ընդգծեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը կրթական ոլորտում:

Հանդիպման ավարտին մասնակիցները քննարկեցին հետագա հնարավոր միջոլորտային համագործակցությունը Հայաստանում արոտավայրերի կայուն կառավարումն ապահովելու համար։