Նորություններ

ՀՀ Սյունիքի մարզում Գորիսի տարածաշրջանից Սիսիանի տարածաշրջան անասնագլխի արոտահանման ճանապարհային երթուղու՝ նախրաքաշի կազմակերպմանն ուղղված նախաձեռնություն

2021-09-08

Սեպտեմբերի 8-ին, 2021թ., «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի կողմից իրականացվող և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում Երևանում տեղի ունեցավ միջոցառում՝ Սյունիքի մարզի Տեղ, Գորիս, Տաթև համայնքներից դեպի Գորայք համայնքի վարչական տարածքի հեռագնա արոտավայրեր անասնագլխաքանակի արոտահանման նախրաքաշի կազմակերպման երթուղու ճանապարհային քարտեզ-նախագծի և նախրաքաշը սպասարկող ենթակառուցվածքների նախագծա-նախահաշվային ավարտական աշխատանքները ներկայացնելու ևՀՀ Սյունիքի մարզպետարանին ու թիրախային համայնքներին փոխանցելու նպատակով։

Մասնակիցների ցանկում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչության, ՀՀ Կադաստրի կոմիտեի, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, ՌԶԳ ՀԿ-ի, ինչպես նաև նշված թիրախային համայնքների ներկայացուցիչները:

Միջոցառման ընթացքում ՌԶԳ ՀԿ-ի փորձագետը ներկայացրեց արոտային շրջանում գյուղատնտեսական կենդանիների արոտահանման տարածաշրջանային տեղաշարժի խնդիրները և միջտարածաշրջանային նախրաքաշի երթուղու կազմակերպմանն ուղղված նախաձեռնությունը: Այնուհետև նախագծող կազմակերպության ներկայացուցիչը հանդես եկավ Գորիսի տարածաշրջանից Սիսիանի տարածաշրջան (Տեղ-Գորայք) գյուղատնտեսական կենդանիների արոտահանման սեզոնային տեղաշարժի համար նախատեսված նախրաքաշի անցման երթուղու նախագծի և նախրաքաշը սպասարկող ենթակառուցվածքների տեղորոշման ու նախագծերի ներկայացմամբ:

Միջոցառումն ամփոփվեց համայնքների կողմից նախագծային փաթեթների ստորագրմամբ, որոնք հանձնվեցին Սյունիքի մարզպետարանին և թիրախային համայնքներին:

Հիշեցնենք, որ նախաձեռնումը նախատեսում էր Սյունիքի մարզի Գորիս, Տաթև, Տեղ համայնքներից Սիսիանի տարածաշրջանի Գորայք համայնքի հեռագնա արոտավայրեր անասնագլխի տեղաշարժի խնդրի լուծման կապակցությամբ կազմել հոտերի և նախիրների արոտահանման երթուղու՝ նախրաքաշի հստակ ճանապարհային քարտեզը՝ ներառելով սպասարկող անհրաժեշտ ենթակառուցվածքների տեղորոշումն (ջրելատեղ, մակատեղ, կացարան, ճանապարh և այլն), ու համապատասխան նախագծերը:

Նախաձեռնության գաղափարը առաջ է եկել 2019 թվականի ապրիլի 30-ին ՀՀ Բնական Կերհանդակների` Արոտավայրերի և Խոտհարքների Կայուն Կառավարմանն Ուղղված Ծրագրերի Համակարգման Հարթակի 4-րդ աշխատաժողովին, երբ Սյունիքի մարզպետարանի և համայնքների կողմից բարձրաձայնվեց Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքների խոշոր և մանր եղջերավոր կենդանիների կանոնակարգված տեղաշարժի խնդիրը: